Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երեխա՞ ես

Երեխա՞ ես
08.06.2012 | 00:15

Այս զրույցը ևս առնչվում է հավատին և կրոնին: Այս անգամ ևս ստուգաբանություն-բանալին պտտենք «երեխա» բառի փականքի մեջ, բացենք բառի դռները և ներս մտնենք, տեսնենք, թե իր մեջ պարփակած ինչ խորհուրդ ունի առաջին հայացքից ամենասովորական «երեխա» բառը:
Թվում է՝ բոլորս գիտենք, թե ինչ է երեխան. «նորածին աղջիկ կամ տղա, փոքրահասակ աղջիկ կամ տղա»:
Այժմ տեսնենք, թե սկզբնապես ինչ է նշանակել «երեխա» բառը: Նախ՝ բառը գրվել և հնչել է երախա և, որքան էլ զարմանալի է, նշանակել է «անկնունք, քրիստոնեական մկրտություն չստացած, չմկրտված անձ»: Երախայությունը, այսինքն՝ անկնունք լինելը, կապ չուներ տարիքի հետ. կային չափահաս երախաներ, որոնց մկրտությունը կատարվում էր չափահասության ժամանակ: Այսինքն՝ կարող էր լինել վաթսունն անց երախա՝ դեռևս չմկրտված մարդ: Հնում ունեինք «երախայացուցանել» բառը, որը նշանակում էր «մկրտել»: Հետագայում, երբ սովորություն դարձավ մկրտությունը կատարել մանուկ ժամանակ, երախա (երեխա) բառն էլ ստացավ իր «մանկիկ, նորածին» նշանակությունը:
Սրանից էլ առաջացան «երեխայամիտ», «տղայամիտ» նշանակությունները, այսինքն՝ «երեխայի պես մտածող, մանկամիտ, անփորձ, միամիտ»:
Այժմ «երախա» բառը գրվում և արտասանվում է երեխա, երկրորդ ձայնավորը նմանեցվել է առաջինին, չնայած մի շարք բարբառներում պահպանվել է արտասանության «երախա» ձևը:
Որոշ մեկնիչներ ուզում են բառի ծագումը կապել «երախ» բառի հետ: Այսինքն՝ «կաթնկեր, որ չունի բերան խոսելու համար»: Հր. Աճառյանը մերժում է դա և համարում փոխառություն ասորերենից: Սա ավելի հավանական է թվում, որովհետև մինչև գրերի գյուտը քրիստոնեական ծիսակարգը կատարվում էր ասորերեն կամ հունարեն:
Այնուամենայնիվ, երախան երեխա է, և կարևորը բառի ծագումը չէ, այլ բուն նշանակությունը: Կարևորն այսօր այն է, որ Հայաստանում ծնվեն շատ երեխաներ և ստանան հայեցի կրթություն ու դաստիարակություն, որ պաշտոնյաները երեխայամիտ չլինեն, այլ լինեն երեխայասեր:


Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 8124

Մեկնաբանություններ